ՀՀ Օրենքը Նորմատիվ իրավական ակտերի մասին․ Բլոգում ներկայացնել օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.

2) օրենսդրական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ և օրենքներ.

3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ.

4) օրենսգիրք` օրենք, որը միավորում է իրավունքի ամբողջ ճյուղի կամ դրա առանձին մասի` համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը.

5) անհատական իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց.

6) ներքին (լոկալ) իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից.

7) օրենսդրություն՝ օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ամբողջություն.

8) համատեղ նորմատիվ իրավական ակտ` օրենքով ուղղակի նախատեսված դեպքում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն ունեցող երկու կամ ավելի մարմինների համատեղ ընդունած նորմատիվ իրավական ակտ.

9) կարգավորման ազդեցության գնահատում` նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքով հնարավոր փոփոխությունների վերլուծություն, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում` Կառավարության բյուջետային ուղերձով ներկայացված տեղեկատվություն.

10) հանրային քննարկում` իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով սույն օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթաց:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы